AM
20 October 2022 - 11:02 AMT

Բրյուսովցիները կրկին ցույցի են դուրս եկել․ Կառավարությունը կընդունի պատվիրակներին

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը կրկին բողոքի ցույցի էր դուրս եկել կառավարության շենքի դիմաց։

Համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռ երկուշաբթի օրը 5 կետից բաղկացած առաջարկություն են ներկայացրել կառավարության անդամներին, ՀՀ վարչապետին և այժմ պատասխան են ակնկալում, գրում է Sputnik Արմենիան։

«Կետերից մեկը վերաբերում է որոշման (Մանկավարժական, Ֆիզիկական կուլտուրայի և Բրյուսովի համալսարանների միավորման,–խմբ.) կասեցմանը։ Մենք մեր առաջարկությունում նաև հայտնել ենք, որ բաց ենք առաջարկությունների և քննարկումների համար։ Կարծում ենք, որ պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ։ Քննարկման ենթակա չէ մեր համալսարանը Մանկավարժականի հետ միավորելու հարցը, քանի որ մինչ օրս մեզ ոչ մի ողջամիտ հիմնավորում չի տրվել, թե ինչու են նման որոշում կայացրել»,- նշեց Թամրազյանը։

Թամրազյանին ու ևս մի քանի հոգու կառավարությունում ընդունել են ու հայտնել, որ իրենց առաջարկությունների պատասխանը դեռևս պատրաստ չէ։ Նրանց խոստացել են ընդունել հոկտեմբերի 21-ին։

«Մեզ խոստացան, որ վաղը ժամը 13։00-ին ՀՀ փոխվարչապետ, մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը կպատասխանի մեր հարցերին։ Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Խնդրել եմ նաև, որպեսզի ՀՀ վարչապետին էլ տեղեկացնեն, որ արդեն 7 օր է` մեր ուսանողները դասադուլ են անում, սակայն չի հնչել ոչ մի կոչ, որպեսզի նրանք լսարան վերադառնան։ Կարծես թե մեր լիազոր մարմնին չի հետաքրքրում մեր 4500 ուսանողի կրթությունը»,- ասել է Թամրազյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել է, որ բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա, նախագիծը շրջանառվում է, կարծիքներ են հավաքվում, տարբերակներ են քննարկվում։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը դեմ են Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորմանը։ Գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ սեպտեմբերի 1–ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում է թողնել առավելագույնը 8-ը: