AM
21 Հոկտեմբեր 2022 - 07:16 AMT

Աբդոլլահիանը՝ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին․ Կարող ենք ձևավորել եռակողմ պլատֆորմ ՀՀ, Իրանի և Հնդկաստանի միջև

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ծրագիրը, ասել է, որ այդ հարցը բավականին երկար քննարկել են, օրակարգի կարևոր թեմաներից է։

«Համակարծիք ենք եղել, որ, հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունը, կարող ենք ձևավորել եռակողմ պլատֆորմ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել մեր նպատակները»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

Միրզոյանն էլ հավելել է, որ ՀՀ-ն իսկապես հետաքրքրված է այդ տրանսպորտային միջանցքով, և հայկական կողմը, ինչպես և Իրանն ու Բուլղարիան, նախաստորագրել են համաձայնագիրը։

«Միջանցքը հետաքրքիր կլինի, կարծում եմ, այդ թվում նաև Հնդկաստանի համար, և մենք կկարողանանք հասնել ի վերջո այս գաղափարի կենսագործմանը»,-ասել է Միրզոյանը:

Իրանը Պարսից ծոց – Սև ծով տարանցիկ միջանցքի գաղափարն առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Դեռ այն ժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ծրագրում ընդգրկված են լինելու Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունը, և դեպի Սև ծով տանող տարանցիկ ճանապարհներից մեկը կարող է լինել Հայաստանը: Սակայն մասնակից երկրների ներկայացուցիչների աշխատանքային վերջին հանդիպումներից և տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցած հայտնի զարգացումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դուրս է մնում նախագծից: Փոխարենը ծրագրին ակտիվորեն մասնակցում է ՀՀ-ն։