AM
21 Հոկտեմբեր 2022 - 07:46 AMT

ԱԳ նախարար․ Առաջընթացի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններին, ասել է, որ մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է։

Խոսելով Պրահայում քառակողմ հանդիպման մասին՝ Միրզոյանը նշել է, որ այն ամենևին էլ խաղաղության ջանքերի շրջանակում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ:

«Խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են` տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով:

Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի, ըստ էության, առավելապաշտական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը:

Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների»,-ասել է նա:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։