Հոկտեմբերի 21-ին` ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու։ Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ջերմուկն այն քաղաքներից է, որը մեծապես տուժել է ՀՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։