AM
21 October 2022 - 09:46 AMT

Ֆրանսիան 300,000 եվրո կհատկացնի Սյունիքի մարզին

Ֆրանսիան 300,000 եվրո կհատկացնի Սյունիքի մարզին, ասվում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

Նախագծի քվեարկությանը ներկա է եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։

«Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդը հոկտեմբերի 20-ի լիագումար նիստում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300,000 եվրո հատկացնելու նախագիծը:

Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։