AM
21 Հոկտեմբեր 2022 - 11:35 AMT

Եվրախորհրդարանի զեկուցող․ Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար՝ Մարսից չեն ներխուժել ՀՀ տարածք

Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Երևանում հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի վերջին ագրեսիային ՀՀ դեմ, ասել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ:

«Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք»,- հավելել է նա, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ:

«Մենք վաղուց և բազմիցս զգուշացնում ենք ադրբեջանական կողմից նոր պատերազմի մասին և մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ»,- նշել է Սիմոնյանը:

Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաև առաջիկայում ԵԽ-ի կողմից հրապարակվելիք զեկույցի մասին:

Կովաչևն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Կովաչևը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։