Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը հայտնել են քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը, տեղեկացնում է «Հետքը»։
Նախկին պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։
Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։
Քաղաքապետի կողմից օգոստոսի 19-ին տրված նախագծման թույլտվությամբ նախատեսվել է կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր բարձրությամբ, իսկ հետ ընկած գլանաձև հատվածի համար՝ մինչև 71 մետր։
Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018-ին մի քանի պատճառով շինարարությունը կասեցվել էր, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։
Ծառուկյանն ու իր գործընկերները «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Կեմպինսկի» հյուրանոցի կառուցման մասին 2019-ին քննարկում էին ունեցել, ներկայացվել էր հյուրանոցի էսքիզը։