ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանը տվել է իր համաձայնությունը՝ աշխատելու ՌԴ ներկայացրած սկզբունքների հիման վրա և հույս է հայտնել, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին։
«Սեպտեմբերի սկզբին Հայաստանը տվել է իր համաձայնությունը՝ աշխատելու ՌԴ կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների և պարամետրերի հիման վրա՝ ՀՀ և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, և պատրաստ է հաստատել դա Սոչիում։ Հուսով ենք` Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,-ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։
ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։