«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով ընդդիմության անելիքներին, ասել է, որ Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո կարձագանքեն և կներկայացնեն պայքարի այն ձևերն ու մեթոդները, որոնք պատկերացնում են առաջիկայում։
«Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»,-ասել է Սաղաթելյանը, գրում է «Փաստինֆոն»։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե վաշինգտոնյան փաստաթղթով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ Սաղաթելյանն ասել է, որ Պուտինի երեկվա ելույթը շատ հստակ էր։
«Մենք այդ մասին ևս այս ընթացքում բազմիցս խոսել ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է և ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական՝ կապ չունի»,-ասել է նա։
Սաղաթելյանի խոսքով՝ միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ:
Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։
ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։






