AM
28 October 2022 - 09:32 AMT

Քրվարույթ է սկսվել «Առագաստում» սպանության գործով դատաբժշկական ակնհայտ կեղծ եզրակացության վերաբերյալ

2001-ին «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի դիակի մարմնական վնասվածքների փորձաքննություն իրականացրած փորձագետները չեն արձանագրել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022-ի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Այս գործով 2019թ. նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հերքվել են Պ.Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած և կյանքի համար վտանգավորության հատկանիշով առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ վերոնշյալ փորձագետների կողմից արված հետևությունները:

Քրեական վարույթը նախաձեռնվել է դատախազության Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ ՔՕ 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ կեղծ եզրակացություն տալը»,- ասված է հաղորդագրությունում։

2001-ին մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում սպանվել էր Վրաստանի քաղաքացի, 43-ամյա դաշնակցական Պողոս Պողոսյանը՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ դիմելուց հետո։ Ըստ քրեական գործի՝ նրան սրճարանի զուգարանում ծեծել էր Աղամալ Հարությունյանը։