AM
28 October 2022 - 11:10 AMT

«Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները Հրապարակում կվառեն տոնածառի լույսերը

Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթից առաջ, սկսած դեկտեմբերի 4-ից Երևանում տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն Հայաստան եկած 16 երկրի պատվիրակությունների համար։ Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում երեխաները միասին կվառվեն տոնածառի լույսերը։ Այդ մասին հայտնել է «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։

Այդպես կտրվի «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բացման արարողության մեկնարկը, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք հնարավորություն ենք տալու 16 պատվիրակության երեխաներին ծանոթանալու Հայաստանի մշակույթին, պատմությանը։ Երեխաներն այցելելու են թանգարաններ, տեսարժան վայրեր։ 10 օր շատ խիտ գրաֆիկ են ունենալու , և այնպես ենք արել, որ փորձերին զուգահեռ, յուրաքանչյուր ազատ ժամն օգտագործեն Հայաստանը բացահայտելու համար»,-ասել է Ծերունյանը։

Ծերունյանն ընդգծել է, որ այս տարվա եվրատեսիլյան բեմի կոնցեպտի վրա ամիսներով աշխատել են հայ դիզայներները և նրանց հաջողվել է զարմացնել ու գոհացնել եվրոպացի գործընկերներին։

«Շատ կարևոր էր ունենալ բեմ, որն ազատ ստեղծագործելու հնարավորություն կտա բոլոր պատվիրակություններին, որպեսզի կարողանան իրենց հրաշքը ստեղծել բեմի վրա»,-ասաց նա։

Ծերունյանը նշել է, որ մրցույթի ընթացքում ելույթ կունենա և իր նոր երգը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2021-ի» հաղթող, Հայաստանը ներկայացրած Մալենան։

Բացի այդ, մրցույթի կազմակերպիչները Հայաստան են հրավիրել նախորդ տարիների բոլոր հաղթողներին, քանի որ այս տարի մրցույթի հոբելյանական 20-ամյակն է։ Մասնակիցներից շատերը հաստատել են, որ կգան, մի քանիսի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։