Բարերարների աջակցությամբ կվերականգնվի դեռևս 1840-ական թվականներին կառուցված` Տավուշի մարզի Հաղարծին գյուղական բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այդ մասին հայտնել են Դիլիջանի համայնքապետարանից, տեղեկացնում է Aravot.am-ը։
Եկեղեցին կառուցվել է 1840-ական թվականներին և գտնվել է Հաղարծին վանական համալիրի հոգածության ներքո: 1900-ական թվականների սկզբին եկեղեցու տանիքը փլվում է. գումար հայթայթելու մի քանի ձախողված փորձից հետո եկեղեցին այդպես էլ մնում է չվերանորոգված:
Այս տարվա սկզբին՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ, որը նաև այդ գյուղի զավակ է, բարեկարգվել է եկեղեցու տարածքը, իսկ սեպտեմբերի 28-ին մատուցվել անդրանիկ Սուրբ Պատարագը՝ Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի ձեռամբ:
Վերջին անգամ եկեղեցում Սուրբ Պատարագ էր մատուցվել մոտ 100 տարի առաջ։
Արդեն բազմաթիվ հանգանակություններ են կատարվել գաղափարն իրագործելու համար։ Պատրաստ է նաև եկեղեցու վերականգնման նախագիծը, որը կյանքի կկոչվի առաջիկայում։