AM
29 Հոկտեմբեր 2022 - 10:34 AMT

Փաշինյան․ ՀԱՊԿ նիստում արձանագրվել է, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ, անդրադառնալով ՀԱՊԿ Խորհրդի արտահերթ նիստին, ասել է, որ դրա ընթացքում արձանագրվել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքը։

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, որը խախտել է Ադրբեջանը, ՀԱՊԿ-ը և ՌԴ–ն ունեն պարտավորություններ, որոնց «զանգը հնչել է», հայտնում է Sputnik Արմենիան։

«Ադրբեջանն ագրեսիա է իրանակացրել ՀՀ դեմ և օկուպացիա է իրականացրել Հայաստանի տարածքում։ Ես ակնկալում էի, որ սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ-ը նման գնահատականով հանդես կգա։ ՀԱՊԿ-ը դիտորդներ ուղղարկեց և երեկվա նիստու արձանագրվեց այն, ինչ բոլորը գիտեն՝ օկուպացվել են ՀՀ տարածքներ։ Հիմա իմ դիրքորոշումը հետևյալն է՝ դիտորդական առաքելությունն արձանագրել է այն, ինչ-որ տեղի է ունեցել, և պետք է քաղաքական գնահատական տանք»,–ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, և դա ոչ թե անձնական ցանկություն է, այլ նախատեսված է ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերով։

«Ճանապարհային քարտեզը կարող է լինել հետևյալը՝ դիվանագիտական ճանապարհով աշխատանք Արդբեջանի հետ, և եթե դիվանգիտական ճանապարհով չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է արդեն ուժային գործունեություն պլանավորի Հայաստանի՝ անդամ պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարական տալ այդ խնդիրը լուծելու համար։

Նրա խոսքով երբ Ադրբեջանը հարձակվեց Սոթք–Խոզնավար հատվածի վրա և ՀՀ–ն բարձրաձայնեց, թե խախտվել են Հայաստանի համար իր կարմիր գծերը իրենց պատասխանել են, թե սահմանազատում դեռ չի իրականացվել։

Ըստ Փաշինյանի ասել, թե հայտնի չէ ՀՀ սահմանը որտեղով է անցնում, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ–ը գոյություն չունի։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին, մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021-ի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է համաձայնեցնել որոշման նախագիծը։

ՀՀ նախաձեռնությամբ գումարված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը ևս մեկ անգամ կքննարկվի նոյեմբերի վերջին կայանալիք նիստում։