AM
31 October 2022 - 08:16 AMT

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Սյունիք, այդ թվում՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վերիշեն ու Վաղատուր

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամներն այցելել են Սյունիք, հանդիպել փոխմարզպետ Նարե Ղազարյանի ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Պատվիրակության այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում ստեղծված կացության մանրամասներին։ Ղազարյանն ու Քեսեջյանը պատվիրակության անդամներին ուղեկցել են նաև ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, որտեղ նրանք տեղում ծանոթացել են ագրեսիայի հետևանքներին։

Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին են ներկայացրել սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Սյունիքում առկա իրավիճակն ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրները՝ անվտանգային, տնտեսական և այլն։

Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Սյունիքի հանդեպ հետաքրքրվածության ու խնդիրներին արձագանքելու համար։

Ֆրանսիացի պատգամավորները նշել են, որ իրենք խորհրդարանում ներգրավված են հայկական հարցերի մասին բարձրաձայնելու գործընթացներում և վերջին ագրեսիայից հետո նպատակ ունեն այս հարցում ակտիվացնել ֆրանսիական ու միջազգային հանրությանը՝ տեղ հասցնելով Հայաստանի շուրջ կատարվողի մասին իրականությունը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։