ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը Սոչիում, գրել է, որ խաղաղության ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմամբ։
«Խաղաղության ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման, բոլոր ռազմագերիների վերադարձի, ըստ 1991թ. Ալմաթիի հռչակագրի սահմանազատման և կողմերի ինքնիշխանության հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման միջով։ Նաև պետք է երաշխավորվեն ԼՂ հայերի անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները»,-գրել է Մարուքյանը:
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։
Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։






