AM
2 November 2022 - 10:09 AMT

Էջմիածնում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկեն նաև Արցախում և ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որին որպես ատենապետ մասնակցում է նաև Պոլսի hայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Ժողովը բացվել է տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

Քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջոցառումների կազմակերպման ընթացքը, տեղեկանում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Օրակարգում ընդգրկված են նաև ազգային, սոցիալական, եկեղեցիների և սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանն առնչվող հարցեր: