Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն ԱՄՆ-ում։ Այդ մասին Միրզոյանը հայտարարել է Ազգային ժողովում, Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։
«Մի քանի օրից մեկնում եմ Վաշինգտոն։ Այնտեղ տեղի կունենա իմ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը», – ասել է նա:
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։
Սոչիի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։