AM
3 Նոյեմբեր 2022 - 14:46 AMT

ԱԽ քարտուղարը՝ ԱՊՀ-ում․ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը ունեցած իր ելույթում, անդրադառնալով սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային, ասել է, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր։

Նա ընդգծել է, որ 2021-ի մայիսից սկսած ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։

«ՀՀ-ն ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը․․․Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և ՄԱԿ հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։

Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ»,-ասել է նա։

Նա նշել է, որ ՀՀ-ն կարևորում է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Նա հավելել է, որ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է, հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից.

Անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։

«Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ»,-ասել է նա՝ նշելով, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020-ի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա:

«Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։

Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար»,-ասել է Գրիգորյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։