AM
4 November 2022 - 12:37 AMT

Հայկական ALEX բրենդն ընդլայնվում է դեպի միջազգային շուկա

Նորաձևության ոլորտում հայաստանյան խոշորագույն բրենդերից մեկը՝ ALEX-ը, ընդլայնում է իր խանութ-սրահների աշխարհագրությունը՝ միջազգային հանրությանն ավելի հասանելի դարձնելով իր ապրանքանիշի հագուստներն ու աքսեսուարները տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Դեկտեմբերին բացվելու է ALEX-ի խանութ-սրահը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, «Աֆիմոլ» առևտրի կենտրոնում, որտեղ ներկայացված են լինելու հայկական բրենդի հագուստները:

«Միջազգային շուկայում սեփական խանութ-սրահով ներկայանալը հերթական քայլն էր, որն ապացուցում է, որ հայկական ապրանքանիշն արտասահմանում ունի պահանջարկ և կարող է ապահովել բարձր ստանդարտներին համապատասխան արտադրանք: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք շատ կարճ ժամանակում արժանանալ հայկական և արտասահմանյան շուկաների վստահությանը և հիմա մեր դռներն ենք բացում հաճախորդների ավելի լայն շրջանակների առջև», – նշել են ALEX-ի կոմերցիոն բաժնից։

Alex-ը նորաձևության ոլորտում հայկական առաջատար բրենդն է, որը ոճավորում, արտադրում և իր հաճախորդին է տրամադրում բոլոր սեզոնների համար նախատեսված հագուստ և աքսեսուարներ աշխարհով մեկ։ 2018 թվականի փետրվարին հիմնադրման օրվանից ի վեր 4 տարվա ընթացքում սրընթաց աճի շնորհիվ կազմակերպությանը հաջողվել է դառնալ հայկական ամենաճանաչված և ամենապահանջված բրենդը, իսկ այժմ նաև միջազգային շուկայում ավելի պատշաճ ներկայացվածությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Գործակցելով աշխարհի սպառողական թրենդերի կանխատեսման առաջատար կազմակերպության՝ WGSN-ի հետ, ALEX-ը մշտապես հետևում է նորաձևության միտումներին՝ սպառողների պահանջներին համապատասխան հագուստ ստեղծելու համար: ALEX-ի՝ 2023 թվականի հավաքածուների նախապատրաստման գործընթացին ներգրավված են դիզայներներ նաև Լոնդոնից, ում գիտելիքների և փորձի ներդրման արդյունքում ALEX-ի տեսականին համալրվելու է էլ ավելի նորաոճ և թրենդային հագուստներով:

Հաճախորդներին ավելի լայն հնարավորություններ տրամադրելը միշտ եղել է կազմակերպության առաջնահերթությունների շարքում, ինչի վառ ապացույցն է ընկերության կայքը, որի շնորհիվ սպառողները կարող են ձեռք բերել ALEX-ի բրենդային հագուստներն ու աքսեսուարներն առցանց՝ առանց տանից դուրս գալու: Կայքի պարզության և վճարման ճկուն համակարգի շնորհիվ գնման գործընթացը հաճախորդների համար շատ ավելի հեշտ է, քան երբևէ: Կայքի միջոցով սպասարկվում են նաև միջազգային պատվերներ:

ALEX-ի նպատակն է հայաստանյան բրենդը միջազգային շուկայում դարձնել պահանջված և մրցունակ՝ հայկական պիտակը հպարտորեն օգտագործելու համար:‎