AM
9 November 2022 - 06:56 AMT

ՔՊ-ական պատգամավոր․ Տեղեր կան, որտեղ ադրբեջանցիներն այնքան մոտ են, որ զինվորների դեմքերն են անգամ երևում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ադրբեջանական ներխուժման հետևանքով սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է, որ այցելել են Ջերմուկի հատվածի սահմանային կետեր, իրենց աչքով տեսել այն, ինչը կա։

Իշխող խմբակցության պատգամավորը շեշտել է՝ տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմն այնքան մոտ է դիրքավորվել, որ նրանց զինվորների դեմքերն են անգամ տեսանելի, գրում է Aysor.am-ը։

«Այո, տեղեր կան, և բնական է, որ սահմանագծում արդեն թշնամու դիրքերը երևում են՝ և՛ հեռադիտակով, և՛ անզեն աչքով ուշադիր դիտելու դեպքում։ Տեղ ունենք Խոզնավարում, որ ընդամենը մի քանի մետր է դիրքերի տարբերությունը, և նույնիսկ զինվորներն են երևում՝ դեմքերով։ Սեպտեմբերի 13-ից նրանց առաջխաղացումից հետո մեր դիրքային իրավիճակը թույլ է տալիս անզեն աչքով տեսնել նրանց դիրքերը»,- ասել է Խաչատրյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։