AM
10 November 2022 - 14:08 AMT

Հայ-չեխական արշավախումբը հետաքրքիր բացահայտումներ է արել Նորավանքի կիրճում

Հայ-չեխական արշավախումբը հետաքրքիր բացահայտումներ է արել Նորավանքի կիրճում՝ Գնիշիկաձորի պեղավայրում։ Այդ մասին հայտնել է արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ երկու հուշարձանում են պեղումներ իրականացրել։

«Այս տարի պեղել ենք Գնիշիկաձորի հնագիտական համալիրը և «Համար մեկ» անունով ժայռածածկը: Գնիշիկաձորում արդեն բացված հուշարձանից բավական ներքև, մեր չեխ կոլեգաները գեոռադարի միջոցով ինչ-որ պատի հետքեր էին ֆիքսել: Մեր նպատակն էր պարզել` այդ պատը կա՞ իրականում, թե՞ ոչ»,-ասել է Գասպարյանը՝ հավելելով, որ պատը նման է հին հնձանի, որտեղ պեղումների արդյունքում նաև հին շերտագրական միավորներ են ֆիքսվել, որի ուսումնասիրությունը բաժին կհասնի ապագա պեղումներին:

«Համար մեկ» ժայռածածկի պեղումներին անդրադառնալով` Բորիս Գասպարյանն ասել է, որ ուսումնասիրությունների ընթացքում նետասլաքներ, ոսկրային զանգվածներ են հայտնաբերվել:

«Ամբողջ տվյալների ժամանակագրությունը դեռ չունենք, բայց ամենայն հավանականությամբ դա շարունակական որսակայան է եղել և հիմնականում ուղղված է եղել բեզոարյան այծի որսին: Դատելով ոսկրային մնացորդներից, նետասլաքներից՝ մարդիկ այդ որսորդական կայանում զբաղվել են բեզոարյան այծի որսով»,-հավելել է հնագետը: