Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներից հետո ԼՂ հարց այլևս չկա, ասել է՝ եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ապա այդ դեպքում ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում։
Ալիևը հայտարարել, է, որ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները Պրահայի ու Սոչիի հայտարարություններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ այդպիսով, ղարաբաղյան հակամարտությունը պատմության գիրկն է անցել։
Փաշինյանը նշել է, որ Ալիևը մինչև Պրահայի ու Սոչիի հանդիպումներն էլ նման հայտարարություններ անում էր։ Նա հավելել է, որ հայկական կողմն ասում է, թե ԼՂ խնդիրը երբեք տարածքի խնդիր չի եղել և որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:
«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ դիրքեր տեղադրել ու կրակում ԼՂ-ի վրա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», – ասել է վարչապետը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգման հարցին՝ Փաշինյանն ասել է, որ խաղաղապահներն ուղղակի չեն կարող դուրս գալ, քանի դեռ ապահովված չեն ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը։
Նա նշել է, որ տեսականորեն 2025-ից հետո խաղաղապահների ներկայությունը կարող է պահանջված չլինել, եթե ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն:
«ՌԴ խաղաղապահներն առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման չեն կարող դուրս գալ, ուղղակի չեն կարող: ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի երկայնքով ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա, որտեղ գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու համար», – ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ եթե ՌԴ-ն ուզենա դուրս գալ ԼՂ-ից, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ այդ հարցը լուծեն, եթե ինքը դա չի անում։






