AM
14 Նոյեմբեր 2022 - 10:29 AMT

Պատգամավոր․ Սեպտեմբերից հետո ձևավորված առաջնագծի որոշ հատվածներում ինժեներական աշխատանքներն ավարտվել են

Սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր ձևավորված առաջնագծի հատվածում ինժեներական աշխատանքները շարունակվում են, առաջին անհրաժեշտ ինժեներատեխնիկական լուծումներն ավարտվել են։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

«Ինժեներական աշխատանքները բավականին ակտիվ ընթացի մեջ են։ Ավելին` որոշ հատվածներում դրանք արդեն իսկ ավարտվել են։ Չնայած ինժեներական աշխատանքն այնպիսի բան է, որ սկսվում և երբեք չի ավարտվում` նոր պայմաններ են ի հայտ գալիս և այլն։ Սակայն առաջնահերթ աշխատանքները շատ վայրերում արված են»,–ասել է Խաչատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` առաջնային աշխատանքների ավարտից հետո կսկսվի աշխատանքների հաջորդ փուլը` երկաթբետոնյա պատնեշների կառուցման, ինժեներատեխնիկական լուծումների շրջանը։

Խաչատրյանը շեշտել է` այս պահին առաջնագիծը կահավորելը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարների հետ, այլ պայմանավորված է կոնկրետ այս պահին պաշտպանունակությունը բարձրացնելով։ Նա նշել է` պետք է պատրաստ լինեն բոլոր առումներով, քանի որ ցանկացած սցենար կարող է լինել։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։