AM
15 Նոյեմբեր 2022 - 12:27 AMT

Օհանյան․ Փողոցային գործընթացներն ավարտվել են, ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ԱԺ վերադառնալու ընդդիմության որոշմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են, իսկ ԱԺ-ում աշխատելու են իրենց օրակարգով։

«Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են: Մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մեր գործունեությունը շարունակենք ԱԺ-ում, իսկ մենք ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով: Դրանք վերաբերելու են Արցախին, անվտանգությանը, պաշտպանությանը, ինչպես նաև սոցիալական խնդիրներին, տնտեսական վիճակին, պետական կառավարմանը և այլն»,-ասել է Սեյրան Օհանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ ընդդիմությունը միշտ էլ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունն այս ժամանակահատվածում աշխատել է իր սեփական օրակարգով:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս իշխանությունն ԱԺ-ում քննարկումներ է իրականացնում՝ մեր իրական վիճակից կտրված: Մեր բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք վերաբերել են անվտանգությանը, պաշտպանությանը և Արցախին, նրանց կողմից մերժվել են, իսկ իրավիճակային գնահատումից զերծ որոշումներ ընդունելը բերել է այնպիսի իրավիճակին, ինչպիսին մեր երկրում է»,-ասել է Օհանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միտումնավոր գնում են խաղաղության կեղծ օրակարգի, ինչն էլ ընդդիմութանը ստիպեց, որ իր գործունեությունը շարունակի փողոցում:

Ըստ Օհանյանի՝ ընդդիմությունը 3 կարևոր հարց լուծեց փողոցում. առաջին՝ գեներացրեց ժողովրդի պայքարի ոգին, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարել իր ինքնության համար, երրորդ՝ եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրվեին, դա կանխարգելեցին։

Ավելի վաղ ընդդիմության ամառային փողոցային ակցիաներից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան՝ ապա միայն իր օրակարգով։