AM
16 April 2009 - 12:50 AMT

Իտալական 5 քաղաքներում տեղի կունենան Մինաս Ավետիսյանի հոբելյանական ցուցահանդեսները

2010-ին իտալական 5 քաղաքներում տեղի կունենան հայազգի անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսները: 5 ցուցահանդեսների էքսպոզիցիան կկազմի իտալացի մասնագետ Ֆրանչեսկո Գալան:
Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանի խոսքերով, ցուցահանդեսը պետք է տեղի ունենար 2009-ին, բայց խանգարեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Նույն պատճառով մինչեւ մյուս տարվա գարուն հետաձգվում է նաեւ Մինասի աշխատանքների մոսկովյան ցուցադրությունը, որը Սոնա Հարությունյանի խոսքերով ավելի հարուստ է, քանի որ կազմակերպիչները մտադիր են էքսպոզիցիա ընդգրկել Մինասի այն աշխատանքները, որոնք գտնվում են Պուշկինյան ցուցասրահում, Արեւելքի ժողովուրդների թանգարանում եւ մասնավոր հավաքածուներում:
«Հայկական մշակույթի զարգացման ֆոնդի» նախագահ Մեցցո Իգիթյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ կաջակցի Իտալիայում Մինասի աշխատանքների կազմակերպմանը:
Մինաս Ավետիսյանը ծնվել է Ջաջուռ գյուղում (Ախուրյանի շրջան) 1928թ. հուլիսի 20-ին գյուղացու ընտանիքում: Սովորել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում (1947-1952), Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1952-1954), Լենինգրադի Ի.Ե. Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում (1952-1954), որտեղ նրա գլխավոր ուսուցիչներից էր Բ.Վ. Յոհանսոնը: 1960-ից ապրել է Երեւանում:
Ավետիսյանի հասուն գործերում` գունային առումով հակադրվող, խոշոր էքսպրեսիվ վրձնահարվածներով նկարած, նոր կյանք են ստացել ֆովիզմի սկզբունքները: Նրա ստեղծագործություններում զգալի հետք են ունեցել անդրկովկասյան միջնադարյան մշակույթի ավանդույթները:
Հաջողությամբ հանդես է եկել նաեւ որպես թատերական նկարիչ (Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրությունը Ա. Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, 1974, եւ այլն) եւ գեղանկարիչ-մոնումենտալիստ (Գյումրիում գործարանային ինտերյերների նկարազարդում, 1970-1974):
Ավետիսյանը Երեւանում 1975-ի փետրվարի 24-ին ողբերգական վախճան ունեցավ ավտովթարից: