Երևանում վանդալիզմի 2 դեպք է գրանցվել՝ պղծել են ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանն ու Արգենտինայի ազգային հերոս Մանուել Բելգրանոյի կիսանդրին՝ գրություններ թողնելով պատվանդանների վրա։
Նժդեհի արձանի պատվանդանին պարսկերենով գրել են «մահ Խամենեիին»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող, արևելագետ Աբրահամ Գասպարյանը։
«Երկրի ներսում թշնամու օրակարգերը սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեիին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին»,- գրել է Գասպարյանը։
Նա դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով վայրկյան առաջ հայտնաբերել հանցանքի հեղինակին ու ամենախիստ պատիժ սահմանել։
«Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է, աշխարհաքաղաքական վտանգավոր արարք, որն ավելի վատ գալիքի նախերգանք է»,-ասվում էր գրառման մեջ։
Ավելի ուշ Գասպարյանը տեղեկացրել էր, որ ոստիկանությունն օպերատիվ արձագանքել է և խմբեր ուղարկել դեպքի վայր։