Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրվարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010-ին «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևանում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույք:
Խոսքը 24 գույքի մասին է, մասնավորապես՝ Երևան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք և դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր. Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք 25, Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք 129, Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք 35, Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր 88 և 89, Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք 366, Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք 33, Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք 50, Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք 52, Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք 121, Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք 1, Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր 52 և 53, Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք 83, Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք 43, Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք 121, Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք 100, Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք 83, Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք 37, Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք 96, Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք 45, Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք 37, Արմենակյան փողոց 153 (հողամաս), Սարյան փողոց 36/4 (հողամաս), Էջմիածնի հին խճուղի փողոց 28 (հողամաս):
Այնուհետև, նշված պաշտոնատար անձը, ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք անձանց ներգրավմամբ, տարաբնույթ ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել հափշտակության առարկա հանդիսացող անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար:
Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսհաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը:
Քրվարույթով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար համարելով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, սեփական նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին որոշել է Գ.Բ.-ի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 2003-ի ապրիլի 18-ին ընդունված ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում):
Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչին՝ Գ.Բ.-ին մեղադրանք ներկայացնելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, պետության և համայնքի օրինական շահերը և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմամբ, կձեռնարկի դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: