Վայոց ձորի Եղեգիս համայնքի «Եղեգիս-1» քարայր-կացարանում հայ-գերմանական համատեղ արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել, տեղեկացնում է Արմենպրեսը։
Արշավախմբի ղեկավար Կարեն Ազատյանն ասել է, որ այս տարվա պեղումների արդյունքում քարայրից գտնվել է մոտ 7000 կենդանու ոսկոր, որոնց մի մասն արդեն իսկ նույնականացվել է:
«Դրանք 6000 տարեկան կատվազգիների, արջի, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ են: Փաստն այն է, որ «Եղեգիս-1» քարայրն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան»,- ասել է նա:
Ազատյանը պատմել է, որ դեռ 2019 թվականին կենսաբան, դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ Վայոց ձորում փորձել են գտնել հնագույն մարդու բնակեցման հետքեր:
«Միասին կատարեցինք կարճ հետախուզական աշխատանք գտնելու համար քարայր-կացարաններ, քանի որ փորձը ցույց է տվել, որ հնագույն մարդիկ առաջինը քարայր-կացարաններում են ժամանակավոր բնակություն հաստատել: Շատին-Եղեգիս գյուղի միջակայքում գտնվեց մի ժայռածածկ փոքր քարայր, որտեղ գետնի մակերեսից հայտնաբերվեցին օբսիդիանից քարե գործիքներ, որոնց տիպաբանական վերլուծության արդյունքում ենթադրեցինք, որ դա կարող է լինել քարե դարի փուլին պատկանող հնավայր»,-ասել է հնագետը հավելելով, որ խումբը տեղում մեկ մետր խորությամբ փոսորակ է բացել և հայտնաբերել բավական հարուստ ոսկրաբանական նյութ`քարե գործիքներ, մոխրաշերտեր:
«2021 թվականին նյութն ուղարկեցինք Գերմանիա` ռադիոածխածնային վերլուծության, և այս տարի պատասխանը եկավ, որ գտածոները թվագրվում են Ք.ա. 4000 տարվա: Էնեոլիթյան ժամանակաշրջանի հետ կապված մեր ենթադրությունները ճիշտ դուրս եկան»,- պատմել է Ազատյանը:
Նա նշել է, որ Վայոց ձորում մինչ այդ նման ժամանակաշրջանի հնավայր միայն Արենի 1 քարայրն էր:
«Մենք այս տարի ևս հետախուզական աշխատանքներ կատարեցինք և Շատին գյուղում հայտնաբերեցինք երկրորդ քարայր-կացարանը: Ճիշտ է՝ դեռ թվագրություն չկա, բայց տիպաբանական վերլուծության արդյունքում գրեթե 50 տոկոսով դա ևս նույն ժամանակահատվածին է վերաբերվում»,-ասել է հնագետը` հավելելով, որ Էնեոլիթյան մարդու միգրացիոն ուղիներից մեկը, բացի Արենիից, Շատինից, եղել է նաև Եղեգիսի կիրճը:
«Եղեգիսում պեղումներն արդեն իսկ ավարտվել են, բայց դրանք անպայման շարունակություն կունենան հաջորդ տարիների ընթացքում»,-հավելել է նա: