ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որը մեկնելու էր Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու, «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման ժամանակ արգելել են լքել Հայաստանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դա արվել է այն «անհեթեթ հիմքով, թե իբր ինքը մեղադրյալ է ինչ-որ մի գործով»։
«Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք և ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել, թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ»,-գրել էր նա։
Ավելի ուշ հրավիրած մամուլի ասուլիսում Աշոտյանը հայտարարել է, որ իրեն արգելել են մեկնել քաղաքական դրդապատճառներով և որ ինքը քեական գործ հարուցելու հայցով կդիմի դատարան։
«Ես պատրաստել էի ելույթներ և 99 տոկոսը պետք է խոսեի Արցախի հիմնախնդրի և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին և ընդամենը 1 տոկոսը՝ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական զարգացումների մասին», -ասել է Աշոտյանն ասուլիսում, գրում է Aysor.am-ը։
«ԱԱԾ աշխատակիցներն ասացին, որ Հայաստանը լքել չեմ կարող, քանի որ մեղադրյալ եմ ինչ-որ գործով ու ինձ փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, ՔԿ քննիչներից մեկինն է, որը քննում է Բժշկական համալսարանի հետ կապված վերջին՝ քաղաքական սկանդալի վերածած գործը», – մանրամասները ներկայացրել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն ասել է, որ ինքը մեղադրյալի որևէ կարգավիճակ չունի, քանի որ մեղադրյալ լինելու մասին ծանուցում չունի։
«Անհասկանալի է, թե ինչ գործով եմ անցնում և անհասկանալի է նաև իմ կարգավիճակը»,-հավելել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար։ Այդ ընթացքում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր Արմեն Աշոտյանը։ Ըստ որոշ լրատվամիջոցների, Նարիմանյանից փորձել են ցուցմունք կորզել Աշոտյանի դեմ, սակայն, դա բավարար չի եղել մեղադրանք ներկայացնելու համար։