ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, որով զորակոչիկը 6 ամսվա ծառայությունից հետո կարող է ընտրել պայմանագրային ծառայությունը:
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է, որ «կողմ են քվեարկել, թեև ԶՈւ-ում կան խնդիրներ»:
«Կարևոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված զինված ուժերի ներսում` սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից: Այսինքն` ինչքանո՞վ ենք մենք առհասարակ խրախուսում երիտասարդներին, որ զինված ուժեր գնան, այս դեպքում` պայմանագրային կարգավիճակով: Ծրագրի իրատեսության առումով բազմաթիվ խնդիրներ ևս տեսնում ենք, բայց որպես պայմանագրային զինծառայությանը որևէ ձևով աջակցող ծրագիր` նախագծին կողմ ենք քվեարկել: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,-ասել է նա։
Աբրահամյանը դիտարկումներ է ներկայացրել նաև պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ` նշելով, որ ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր:
Նա նշել է, որ առաջին հերթին նախագծում սահմանված չէ Կառավարության այն որոշումը, որով կարգավորվում է ատեստավորման գործընթացը` ի՞նչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով:
Աբրահամյանը նաև կարծիք է հայտնել, որ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը բերված և հասցված է համապատասխան մակարդակի։
«Օրինակ` եթե պարեկային ծառայողի բազային աշխատավարձը 270,000 դրամից է սկսվում, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը` 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմական իրավիճակում ծառայություն իրականացնողի բազային աշխատավարձը ցածր է, իսկ մենք միայն խրախուսման համակարգով ենք փորձում կարգավորել, այն էլ որևէ ձևով պարզ չէ` այդ ատեստավորման արդյունքում որքա՞ն զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:
Ըստ Տիգրան Աբրահամյանի` ծրագրի արդյունավետությունը կախված է նրանից, թե իրականության մեջ որքանով է պետությունը տվյալ իրավիճակում զինծառայողի թիկունքին:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակն է ագրեսիայի միջոցով Հայաստանից բռնազավթած տարածքների լեգիտիմացումը:






