AM
17 Նոյեմբեր 2022 - 13:31 AMT

ԱԳ փոխնախարար․ Չկա խաղաղության պայմանագրի ռուսական, ամերիկյան տարբերակ՝ կա հայկականն ու ադրբեջանականը

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Երևանն ու Բաքուն այսօր բանակցում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները։

Նա շեշտել է, որ ոչ ռուսական, ոչ ամերիկյան, ոչ ֆրանսիական, ոչ Եվրամիության տարբերակ չկա, կա տարբերակ ադրբեջանական և հայկական։ Այսինքն, ըստ Հովհաննիսյանի, այլ փաստաթուղթ չի ստացվել որևէ մայրաքաղաքից, հայտնում է «Ազատությունը»։

Հովհաննիսյանն ասել է, որ այժմյան բանակցություններն արտգործնախարարների մակարդակով ընթանում են երկու կողմի մոտեցումների շուրջ։

Հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում շրջանակային պայմանագիրը՝ փոխնախարարն ասել է․ «Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները, որն, իհարկե, ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում, այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի արձանագրությամբ և հռչակագրի հիման վրա»։

Հովհաննիսյանը նշել է, որ Պրահայում հաջողվել է դրա շուրջ ինչ-որ համաձայնության հասնել՝ շեշտելով՝ այսինքն, շարունակել բանակցություններն այդ սկզբունքում։

«Մի փաստաթուղթ, որը երկու երկիրն էլ ստորագրել են և վավերացրել են 90-ականների սկզբին։ Ամբողջ փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմաթիի փաստաթղթերի, այնտեղ մի քանիսն են և այլ փաստաթղթերի, որը թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արդեն իսկ ստորագրել և ընդունել են», – եզրափակել է Հայաստանի փոխարտգործնախարարը։

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել՝ երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։