AM
17 November 2022 - 14:44 AMT

Աջափնյակում 4-րդ կարգի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի։ Կառավարությունն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում, որի արդյունքում հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և իրականացնել մշակված քաղաքաշինական ծրագիրը:

Գործադիրը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Մասնավոր ներդրումների հաշվին կթարմացվի վթարային բնակելի ֆոնդը, կապահովվի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը, միաժամանակ կստեղծվի ժամանակակից հանրային ներդաշնակ վերակազմակերպված միջավայր:

Տվյալ բնակելի գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ, կապահովվի անվտանգության սպասարկմանը նպաստող պահաջվող չափորոշիչներին համապատասխանեցված տարածք, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործամն տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից, ավտոկայանումներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայվելով ստորգետնյա կառուցվածքներում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել խնդրի լուծմմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

«Երևան քաղաքում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի վթարային շենքեր: Պարզ մի բանաձև ենք առաջարկում: Հիմնականում խոշոր կառուցապառողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ՝ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել: Առաջարկվում է նաև այդ ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և բնակիչների հետ տարբեր տեսակի պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում նոր բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ», -ասել է նա։