Երևանում ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի և արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի պատվանդաններին պարսկերեն գրություններ թողած տղամարդիկ հայտնաբերվել են, հայտնում է ոստիկանությունը։
Պարզվել էր, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա տղամարդիկ:
Նրանք հայտնաբերվել են նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Կատարվում է նախաքննություն:
«Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: