Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջեւ թունդ բանավեճ սկսվեց` կապված «2009թ. Հայաստանի պետբյուջեն վերաբաշխելու, ազգային, լարային, փողային նվագախմբերի ցուցակը հաստատելու, միջոցները բաշխելու, ազգային լարային եւ փողային գործիքների գծով արվեստի դպրոցներում եւ երաժշտական դպրոցներում ուսուցման վճարումների լրացումների չափերի» որոշման նախագծի հետ:
Նախագիծը ներկայացվել է կառավարության հաստատմանը, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց նախարարներին վերանայել նախագիծը: Վարչապետը պարզաբանեց, որ երաժշտություն դասավանդող մարզային ուսուցիչների 9 հազար դրամ եւ երեւանյան ուսուցիչների 12 հազար դրամ աշխատավարձը հակասում է կառավարության քաղաքականությանը մարզերի հավասարաչափ զարգացման վերաբերյալ:
Չնայած նրան, որ մշակույթի նախարարն ամեն կերպ ուզում էր ապացուցել հակառակը, վարչապետը մնաց իր կարծիքին: Բանավեճն ավարտվեց նրանով, որ որոշման նախագիծը չընդունվեց: