AM
30 Նոյեմբեր 2022 - 11:10 AMT

Ավանեսյան․ 44-օրյայից դեռ ունենք նույնականացված, բայց չհուղարկավորված մարմիններ

Առողջապահաության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի զոհերի չհուղարկավորված մարմինների խնդրին, ասել է, որ դեռ կան նույնականացված, բայց չհուղարկավորված մարմիններ։ Այդ մասին նա ասել է Գյումրիում, որտեղ շրջայց է կատարել բժշկական հաստատություններում, խորհրդակցություններ անցկացրել։

Ըստ Ավանեսյանի՝ մարմինները պարտադիր պիտի հուղարկավորվեն, չեն կարող երկարացնել այդ գործընթացը, որը ձգձգվում է այն պատճառով, որ նույնականացման արդյունքները ծնողների համար ընդունելի չեն եղել, գրում է Factor.am-ը։

Ըստ նրա, բարդ հոգեբանական խնդիր է, բայց փորձում են այնպիսի լուծումներ գտնել, որոնք կլինեն հնարավորինս ոչ ցավոտ՝ հաշվի առնելով կողմերի իրավունքներն ու շահերը։

«44-օրյա պատերազմից դեռ ունենք նույնականացված, բայց չհուղարկավորված մարմիններ։ Եվ մենք միացյալ աշխատանքն ենք տանում մեր այլ գերատեսչությունների գործընկերների հետ՝ ավարտելու այս պրոցեսը։ Երկրոդ տարին է արդեն լրանում, և մենք քրիստոնեական ծիսակատարություններով պետք է հուղարկավորենք մեր հերոսների մարմինները»,- ասել է Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհերի մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են, իսկ երկու օր առաջ ադրբեջանական կողմից փոխանցված 13 զինվորների մարմինները կհուղարկավորվեն փորձաքննությունների ընթացքն անցնելուց հետո։

Նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։