ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած նախագծով խախտումներով լցակայանում կարող է «Տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ փակցվել։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը։
Թունյանն ասել է, որ այդպիսի ցուցանակը փակցնելն, իր կարծիքով, ավելի զգաստացնող ու ավելի խիստ պատիժ է, քան տուգանքի չափը:
Նախագծով նախատեսվում է նաև համաչափ տուգանքի մեխանիզմներ սահմանել թերլցումների դեպքերում։
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է ՀՀ չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկին իրականացված ստուգմամբ չկատարելու դեպքերում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 1 տոկոսի չափով:
Սպառողները կկարողանան լցակայանից օգտվելիս QR կոդերի միջոցով մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը, որի արդյունքում սպառողները կտիրապետեն լցակայանների գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ:
Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի իրականացնել սպառողների իրավունքների անհրաժեշտ մակարդակով պաշտպանություն, ինչպես նաև կբարձրացվի տնտեսվարողների գործունեության թափանցիկության մակարդակը:






