AM
30 November 2022 - 13:29 AMT

Նախարար. Գրիպի առումով այժմ շատ ավելի մեծ հիվանդացության բեռ ունենք, քան Covid-ի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով պայմանավորված` հանգիստ իրավիճակ է, սակայն ակտիվացել են սուր շնչառական վարակները։

Նախարարը նշել է, որ այս պահին գրիպի առումով շատ ավելի մեծ հիվանդացության բեռ ունեն, քան Covid-ի, հայտնում է Sputnik Արմենիան։

«Covid–ի շրջանում 2020–2021 թվականին բավական նվազ էր սուր շնչառական հիվանդացության բեռը։ Այս տարի նկատում ենք նախաքովիդյան ցուցանիշները, բայց որևէ նորմայից շեղված ցուցանիշներ չունենք. այն սեզոնային ակտիվության շրջանակների մեջ է»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` բավական ակտիվ է գրիպի H1N1 (թռչնագրիպ) մանրէահիմքը, որը վտանգավոր է խրոնիկ հիվանդություններ ունեցողների, հղիների, երեխաների համար։ Կանխարգելման համար նախարարը հորդորում է պատվաստվել նաև գրիպի դեմ։

«Պատվաստանյութերը ներառում են այս վտանգավոր շտամների դեմ հակամարմիններ, և շատ կարևոր է դա ճիշտ ժամանակին իրականացնելը»,–ասել է նա։

Ավանեսյանը նշել է, որ Covid-ի դեպքերի աճ չեն նկատում, հետևաբար` սահմանափակումներ ևս առաջիկայում չեն նախատեսվում։

Հայաստանում նոյեմբերի 21-27-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,737-ի` ավելանալով 106-ով։ Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 710 դեպք կա։

Փաստացի բուժվողների թիվը 301 է։