AM
1 December 2022 - 10:36 AMT

Լուսավորության համար ծակել են թամանյանական շենքերը․ Քաղաքապետարանը խոստանում է «լցնել անցքերը»

Համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, որ Հանրապետության հրապարակի շենքերը¸ որոնք պահպանվում են որպես մշակութային ժառանգություն, վնասվում են՝ ծակծկվելով տոնական լուսավորության տեղադրման նպատակով, ինչը վրդովմունք է առաջացրել հանրության շրջանում։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի հրապարակած լուսանկարում երևում է, որ խփած գամից ճաքել է շենքի զարդաքանդակը։

Կրթության, գիտության, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը գրել է․ «Մարդ ինչքա՞ն բարբարոս պիտի լինի, որ մի քանի օրվա համար նախատեսված ամանորյա լուսային զարդարանքի համար փչացնի հուշարձան շենքի զարդաքանդակը»։

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ կառույցի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո «վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով»։

«Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով թեմային, ասել է, թե խնդիրը քաղաքապետարանի դաշտում է, և կառույցը պարտավորվել է, որ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով կվերականգնի, հայտնում է Aysor.am-ը։

«Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկում, իսկ քաղաքապետարանը, որպես միջոցառման կազմակերպիչ, պարտավորված է և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի», – կառավարության նիստից հետո ասել է Դումանյանը։

Երևանում տոնական լուսավորության աննախադեպ աշխատանքներ են իրականցվում, փակվում են փողոցներ և կամուրջներ՝ աշխատանքներն իրականացնելու համար։ Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ – 2022» երգի մրցույթի անդամների մասնակցությամբ վառվելու են Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։