Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Հանրապետության հրապարակում գտնվող անօրինական շինությունները, մասնավորապես ապամոնտաժվում է ազգային պատկերասրահին կից գործող սուրճի կրպակը:
Տեղում են կրպակի սեփականատերերը, ներկայացուցիչը, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Սեփականատիրոջ ներկայացուցիչը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա 2 անգամ արգելանք է դրված, ինչը նշանակում է, որ այն քանդել, ապամոնտաժել չի կարելի: Սրան ի պատասխան ոստիկանության աշխատակիցները հորդորել են բոլոր հարցերով ՀՀ ոստիկանություն դիմել գրավոր տարբերակով։
Իսկ քաղաքապետարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ իրենք գիտեն, տեղյակ են դատարանի և մնացած բոլոր որոշումների մասին, չեն անում անօրինական գործողություններ, իրենց քայլերը հիմնավորված են:
Որոշ ժամանակ կարճ լեզվակռվից հետո ոստիկանները բերման ենթարկեցին սեփականատիրոջը և նրա ներկայացուցչին:
Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: