«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում փոփոխությունների նախագծով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին՝ վարչապետին ենթակա: Այդ մասին ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:
Գրիգորյանն ընդգծել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող և ապագա վարչապետներին ու նախագահներին:
Առաջարկվում է նաև ԱԺ նախագահին պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: ԱԺ նախագահին նաև անձնական բժիշկ կտրամադրվի, ինչպես դա սահմանված է նախագահի և վարչապետի պարագայում։
Նախագծով սահմանվում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին, հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների համար ապահովվում է գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում:
Քննարկված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:






