AM
10 December 2022 - 11:10 AMT

Բանկի կառավարիչը 2 անձից խարդախությամբ մոտ 50 մլն դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվել են ՀՀ-ում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները։

Բանկի կառավարիչը 2 անձից խարդախությամբ մոտ 50 մլն դրամ է հափշտակել:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված երկու միացված քրեական գործերով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը, հանդիսանալով ՀՀ-ում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ: Արդյունքում, Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28,901,500 դրամ, մյուսը՝ ընդհանուր 21,694,520 դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է:

Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: