Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանցի «լրագրողները» սադրանքի հերթական փորձն են բեմադրել Շուշիի հարակից հատվածում։
«Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։
Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։
Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել Իվանյանում (Խոջալու) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցությունները, ինչպես նաև շարժվել դեպի Ստեփանակերտ
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։






