AM
17 April 2009 - 15:27 AMT

Ապրիլի 18-ին Հայաստանում մեկնարկում է «Singing Men of Oklahoma» համերգային շրջագայությունը

Ապրիլի 18-25-ը տեղի կունենա «Singing Men of Oklahoma» տղամարկանց երգչախմբի բարեգործական համերգների շարքը` նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կիսենք մեր մշակույթը հայ ժողովրդի հետ եւ այդ կերպ արտահայտենք ամերիկյան ժողովրդի ցավակցությունն ու համերաշխությունը Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է «Singing Men of Oklahoma» տղամարդկանց երգչախմբի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար դոկտոր Բիլլ Գրինը:

Երգչախումբը գոյություն ունի արդեն 25 տարի եւ կազմված է 800 անձից, ինչպես նաեւ գոյություն ունի կանանց երգչախումբ: Հայաստանում համերգներին մասնակցելու են երգչախմբի 270 անդամներ:

«Singing Men of Oklahoma»-ն հայ ունկնդիրին կներկայացնի դասական, հոգեւոր, ժողովրդական եւ չորս հայկական երգեր` «Կիլիկիա», «Հայր մեր», «Էրեբունի-Երեւան», «Ազգին փառապանծ»:

«Մենք հատուկ երգ ենք գրել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը կհնչի բոլոր համերգների ժամանակ»,- ասել է երգչախմբի տնօրենը:

«Singing Men of Oklahoma»-ն Հայաստան է ժամանել Հայկական ավետարանչական եկեղեցու հրավերով Գարիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ: Համերգների կազմակերպիչը ամերիկյան բարեգործ Գրետչեն Բրաունն է, որն այսօր ասաց, որ Հայոց ցեղասպանության մասին իմացել է 10 տարի առաջ: «Ես խորը ցավ ապրեցի եւ որոշեցի բոլոր ջանքերը գործադրել ամերիկյան ժողովրդին Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու համար, ինչին եւ նվիրված է այս համերգը»,- հայտարարել է Բրաունը:

«Singing Men of Oklahoma»-ի համերգները կանցնեն Վանաձորում եւ Գյումրիում: