ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120,000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, կոչ է արել 16։00-ին հավաքվել ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։
Նա 3 հրատապ գործողություն է նշել է, այդ թվում Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելը։
Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ին ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:
«Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հոդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների:
Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.
1.Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:
2.Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։
3.ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։
Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով»,-ասվում է գրառման մեջ:
Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:






