AM
14 December 2022 - 07:47 AMT

Ռուբինյանը Ֆրանսիայում ներկայացրել է ԼՂ շուրջ ստեղծված սուր ճգնաժամը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Փարիզում հանդիպեցի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,- նշել է նա։

Ռուբինյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով առանց որևէ նախապայմանի։ Հիշեցնելով եռակողմ հայտարարության դրույթները կատարելու անհրաժեշտության մասին՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանը «պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի և բեռների երկկողմանի երթևեկը Լաչինի միջանցքում»։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։