ՀՀ ԱԺ–ն Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արտահերթ նիստ կանցկացնի։ Այդ մասին խորհրդարանում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ՔՊ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա նաև նշել է, որ արտահերթ նիստում խորհրդարանը Լաչինի հարցով հայտարարություն կընդունի, գրում է Sputnik Արմենիան։
«Մենք այսօր մի քիչ էքստրաօրդինար վիճակում ենք այս նիստն անելու։ Ինչպես գիտեք, դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, և դրա հետ կապված մենք այսօր արտահերթ նիստ ենք ունենալու, ժամը երևի 13։00-13։30-ի կողմերը»,– ասել է Թունյանը:
Նա լսումների մասնակիցներին խնդրել է պահպանել հատկացված ժամանակը` ԱԺ արտահերթ նիստը ժամանակին սկսելու համար։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։






