AM
14 December 2022 - 11:47 AMT

Մայր Աթոռը հորդորել է Փաշազադեին քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։

Կաթողիկոսի կողմից արդեն իսկ դիմումներ են հղվել քույր եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը:

Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար:

Աղոթում ենք, որ Աստված Իր աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ՝ մեր ժողովրդին»,-ասվում է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։