Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և հայտարարություն է ընդունվել, ասել է, որ իրենց տեղեկություններով, Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել։
«Դրան հայ ժողովուրդը վաղուց է սպասում, հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները», – ընդգծել է ԱԺ նախագահը, գրում է Aysor.am-ը։
Սիմոնյանի խոսքով՝ անկախ նրանից, թե այս պահին Հայաստանը բավարարված է, թե ոչ ՌԴ խաղաղապահների մանդատից, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն անհրաժեշտ են Արցախում։
ԱԺ նախագահն ասել է, թե պետք է երկարաձգվի ռուս խաղաղապահների մանդատը Արցախում։
Նա նաև կարծիք է հայտնել, որ հարևան երկրները դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր։
«Այդ կարմիր գծերը մեր համար հստակ են ու մենք դրա մասին խոսել ենք։ Նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի՝ թեկուզ այն բանից ելնելով, որ էլ տեղ էլ չկա որևիցե բան պարտադրելու, մենք դրա մասին ասել ենք ու, կարծում եմ, որ իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան, որ այս տարբերակը չի աշխատի», – հայտարարել է Սիմոնյանը։
Նա ասել է, որ Հայաստանը շատ լրջորեն պետք է միջազգային գործընկերների հետ քննարկի միջազգայի մանդատի հարցն ու ԵԱՀԿ Մինսկի հարթակի 12 անդամ երկրների >b>դիտորդական առաքելություն ունենալն Արցախի տարածքում։
«Միգուցե, մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ նաև միջազգային այլ ֆորմատների միջոցով Արցախում հսկողություն իրականացնելը», – ընդգծել է Սիմոնյանը։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։






