AM
14 December 2022 - 13:18 AMT

Արցախցիները ՌԴ դեսպանատան դիմաց պահանջում են Լաչինի ապաշրջափակում

Արցախցիներն ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև։ Ցուցարարներից մեկն ասել է, որ իրենց պահանջը մեկն է` Լաչինի ճանապարհի ապաշրջափակում։

«Ուզում ենք` ՌԴ դեսպանատնից մեզ պատասխանեն, թե ճանապարհի հարցը ոնց է լուծվելու, քանի որ խաղաղապահներն են պատասխանատվություն վերցրել եռակողմ հայտարարության կատարման համար։ Ուզում ենք` ճանապարհն ապաշրջափակվի, և մեր հարազատներն իրենց բնականոն կյանքին անցնեն»,–ասել է ակցիայի մասնակիցներից Սերոբ Նալթակյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ արցախցի հարազատների հետ կապի մեջ են` էլեկտրաէներգիան չի բավականացնում ջեռուցման համար, և անջատումներ են լինում, շուտով գուցե նաև պարենային ապրանքների դիֆիցիտ լինի։

Դեկտեմբերի 13-ին նույնպես ինչպես արցախցիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիները հավաքվել էին Երևանի Ազատության հրապարակում, որտեղից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ, ապա նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դեսպանատներ։ Ակցիայի մասնակիցները նամակներ հանձնեցին` միջազգային հանրությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։