AM
15 December 2022 - 09:21 AMT

Բեգլարյանի հետ 20 հոգի գիշերել է ՄԱԿ ներկայացուցչության մոտ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ, որը անժամկետ նստացույց է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, 20 հոգի գիշերել է ներկայացուցչության մոտ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Շուրջ հազար քաղաքացի (այդ թվում՝ բազմազան հանրային-քաղաքական գործիչներ) են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցի վայր՝ զորակցություն հայտնելու Արցախին:

«Գիշերում ենք այստեղ մոտ 20 հոգով՝ մի կարևոր սկզբունքով, որ եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք:

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու աջակիցներին: Շատերն են հարցրել, թե ինչպես կարող են օգնել Արցախին:

Հակիրճ թվարկեմ յուրաքանչյուր հայի առաջիկա օրերի հիմնական անելիքներն իմ պատկերացմամբ՝

Քաղաքացիական անհնազանդության գործողություններով միջազգային հանրությանը (հատկապես ՄԱԿ-ից, ԵՄ-ից ու հինգ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) պահանջել հասցեական հայտարարություններ ու գործնական գործողություններ վերացնելու Արցախի շրջափակումն ու կանխելու նորանոր հանցագործություններ:

Սոցցանցերի բոլոր գրառումներում անդրադառնալ Արցախի կարևորությանն ու կարիքներին, ստեղծագործական լուծումներով բոլոր հնարավոր տեղերում խոսել Արցախի մասին՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններին ուղղված:

Պահանջել (ըստ կարիքի՝ նաև աջակցել) պետական պաշտոնյաներին ու հանրային գործիչներին առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել Արցախի համար միջազգային արագ ու արդյունավետ արձագանքման և Արցախի պաշտպանության ապահովման ուղղությամբ:

Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես իրենց երկրներում պահանջեն կառավարություններից գործնական քայլեր Ադրբեջանին սանձելու և Արցախին պաշտպանելու ուղղությամբ:

Իսկ Արցախում գտնվող մեր հայրենակիցները հարկ է ամուր ու վճռական լինեն այս ժամանակավոր զրկանքներին դիմագրավելու հարցում, քանի որ զիջման ու նվաստացման ենթակա Հայրենիք չունենք:

Արցախը եղել է ու միշտ կլինի հայկական»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։